Նոյեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻ նախարարության և Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առաջարկվեց գերմանական կողմի հետ 2018 թ.-ի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ երկրում աղետների ռիսկի նվազեցմանն ու դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում առաջին անգամ Հայաստանում կազմակերպել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ: Մրցույթին հնարավորություն կունենան մասնակցելու ինչպես Հայաստանի դաշտային խոհանոցի ծառայություն ունեցող գերատեսչությունները, այնպես էլ՝ թիմեր այլ երկրներից:

Կողմերը քննարկեցին նաև մասնագետների վերապատրաստման գործընթացում մասնավորապես՝ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմի վերապատրաստման, 911 ծառայության կարգավար-օպերատորների՝ ահազանգողին հեռախոսակապի միջոցով առաջին օգնության տրամադրման հմտությունների կատարելագործման ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ավարտին ստորագրվեց «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներքո աղետներին արձագանքման կամավորական շարժման խթանման և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունների հետագա զարգացման մասին» հուշագիրը։