Վերջին օրերին ուժեղ քամու հետևանքով մի շարք մարզերում ծառեր են տապալվել, տանիքներ, ավտոմեքենաներ, էլեկտրական լարեր վնասվել, բնակավայրեր հոսանքազրկվել: Հոկտեմբերի  29-ին Լոռու մարզում՝ Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհի 7-րդ կմ-ին հաստաբուն ծառն ընկել է երթևեկող մեքենայի վրա և վնասել տանիքն ու դիմապակին՝ միակողմանի փակելով  ճանապարհի  երթևեկությունը:

Հոկտեմբերի 30-ին Ալավերդիում քամին տապալել է մոտ 20 մ բարձրություն ունեցող հաստաբուն բարդին: Ծառն ընկել է փողոցում կայանած 4 մեքենաների վրա, որոնցից մեկն ամբողջությամբ հայտնվել էր ծառի բնի տակ:

Նույն օրը Վանաձոր քաղաքում ժամը՝ 15:30-ի սահմաններում քամին պոկել և հարակից բազմաբնակարան շենքի բակ է շպրտել կարի արտադրամասի, մշակույթի տան տանիքի (մոտ 5000 քմ) փայտե և թիթեղյա կոնստրուկցիոն տարրերը (մոտ 600 քմ): Ուժեղ քամին թույլ չի տվել շենքերի պատերից կախված թիթեղներն ու կոնստուկցիաները հեռացնել, կանխել ընկնելու վտանգը: Փրկարարները մարդկանց հորդորվել են պահպանել անվտանգության կանոնները և տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:

Թումանյանի տարածաշրջանում 16 համայնք էլեկտրալարերի վնասման պատճառով հոսանքազրկվել էր, 8 համայնքում հոսանքը կարճ ժամանակ անց վերականգնվել է, իսկ մյուս համայնքները հոսանքով ապահովվել են միայն 12 ժամ անց:

Ամենաուժեղ քամին գրանցվել է Ստեփանավանում՝ 24 մ/վրկ արագությամբ, իսկ Օձունում քամու ուժգնությունը կազմել է 22 մ/վրկ, մյուս համայնքներում՝ համեմատաբար թույլ:

Հոկտեմբերի 31-ին նույնպես քամին ուժգնացել է: Ուժեղ քամուց տուժել են նաև Կոտայքի մարզի Հրազդան, Աղավնաձոր համայնքների բազմաբնակարան շենքերի տանիքները, հրշեջ-փրկարարներն ամրացրել, իսկ որոշ շենքերում էլ ապամոնտաժել են քամուց պոկված  և ընկնելու վտանգի առջև կանգնած ճաղավանդակները:

Իսկ շենքերից մեկի տանիքը (մոտ 200 քմ) քամուց պոկվել և ընկել է (մոտ 90 քմ)  «ՎԷՎ» սուպերմարկետի վրա, ինչի հետևանքով շինության ապակիները և մոտակայքում գտնվող էլեկտրական լարերը վնասվել են:

Հոկտեմբերի 30-ին քամու վնասների վերաբերյալ ահազանգ ստացվել է նաև Գեղարքունիք մարզից: Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցում հինգհարկանի բնակելի շենքի տանիքի երկաթյա թիթեղի մոտ 80 քմ պոկվել և ընկել է բակում կայանած մարդատար ավտոմեքենայի դիմապակուն:

Հանրապետության բնակավայրերում գրանցված ուժեղ քամուց մարդիկ չեն տուժել, համայնքներում հաշվարկվում են շենք-շինություններին հասցված վնասները: