Այսուհետ ոչ միայն 911, այլև՝ 112

Հոկտեմբերի 31-ին կայացած ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ բջջային օպերատորների հետ քննարկվել են աղետների և վտանգների դեպքում ազդարարման և իրազեկման համակարգերի արդիականացման ու բարելավման հնարավորությունները, ինչպես նաև՝ 911 արտակարգ համարին զուգահեռ հնարավոր դարձնել 112 փրկության հեռախոսահամարի ներդրումն ու կիրառումը:

112 ահազանգման համարը, որը Եվրամիության բոլոր երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և ասիական գրեթե բոլոր երկրներում կիրառում և ճանաչում են որպես միացյալ ահազանգման հեռախոսահամար, այսուհետ պետք է ճանաչվի և 911-ին զուգահեռ գործարկվի նաև Հայաստանում: 112 փրկության համարը լիովին համապատասխանում է միացյալ ահազանգման եվրոպական ասոցիացիայի տեխնիկական չափանիշներին: 112-ն առավել ճանաչելի և հեշտ կիրառելի է նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար, որոնք արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես կարող են հավաքել միացյալ ահազանգման հեռախոսահամարը:

Միջազգային ճանաչելիությունից բացի՝ 112-ը տեխնիկապես ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում ահազանգերը օպերատիվ սպասարկելու համար:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև աղետների ու վտանգների դեպքում SMS հաղորդագրությունների միջոցով բնակչության ազդարարման մեխանիզմների ու տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները՝ հանրային իրազեկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: