Հոկտեմբերի 30-ին Արցախում նշվեց Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակիցների մասնագիտական տոնը:

Հայկական երկրորդ հանրապետության հրշեջ-փրկարարների անցած մեծ ճանապարհն սկսվեց 25 տարի առաջ, իսկ համակարգի հիմքը դրվեց դեռևս 1990-ի մայիսին` «Արցախ» փրկարարական ջոկատի ստեղծմամբ:

1992-ի հոկտեմբերի 30-ին ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ՝ «Արցախ» մարզային փրկարարական ծառայությունը վերակազմավորվեց «Արցախ» հանրապետական փրկարարական ծառայության:

Արցախցի փրկարարների մասնագիտական տոնին ընդառաջ հոկտեմբերի 29-ին Ստեփանակերտի Սասունցի Դավիթ փողոցի սկզբնամասում՝ Արցախի պատմաերկրագիտական թանգարանին հարող տարածքում բացված 10 տաղավարներում կազմակերպվել էր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական հատուկ տեխնիկայի, հրշեջ սարքավորումների և հանդերձանքի ցուցադրություն, անցկացվել արտակարգ իրավիճակներին մոտ փրկարարական վարժանքներ: Իրենց հմտությամբ առանձնակի փայլել են սակրավորներն ու բուժակները:

Նախագահ Բակո Սահակյանի համոզմամբ սա լավագույն առիթն է ամփոփելու ծառայության կատարած աշխատանքն ու նախանշելու անելիքները: Ըստ նրա՝ նման միջոցառումները վկայում են նաև համակարգի աշխատակիցների արհեստավարժության և բարձր պատրաստվածության մասին:

Տոնը նշանավորվեց նաև պաշտոնական միջոցառումներով:

25-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներին ու հանդիսությանը մասնակցելու համար երկօրյա աշխատանքային այցով Արցախում էին նաև ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը:

Նախագահական նստավայրում Բակո Սահակյանի և Դավիթ Տոնոյանի առանձնազրույցի ժամանակ քննարկվեցին երկու հայկական հանրապետությունների գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Տոնի հանդիսությանը նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով փրկարարներին, ասաց. «Արցախի Հանրապետության նախագահի 2017-2020 թթ. ծրագրով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը՝ հանդիսանալով պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր և նպաստելով երկրի կայուն զարգացմանը:

Ծրագրում առաջադրված խնդիրները պահանջում են համապատասխան աշխատանքներ տանել Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, արտակարգ իրավիճակների հանձնաժողովների, տարհանման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության շտաբների և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պատրաստվածության շարունակական ապահովման կազմակերպման ապահովման, արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների ժամանակ բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների և ծրագրերի շարունակական իրականացման ուղղությամբ: Անհրաժեշտ է լինելու խորացնել և ընդլայնել կապը ՀՀ ԱԻՆ-ի և այլ կառույցների հետ, մասնավորապես՝ Մարտակերտ-Վարդենիս վտանգավոր հատվածների հանրապետության տարածքում առկա ջրամբարների, կայունությանն ուղղված ուսումնասիրությունների և գործնական միջոցառումների իրականացման ու կազմակեպման գործում: Համակարգի առջև դրված են կարևոր խնդիրներ, և դրանց հաջող ու արդյունավետ լուծումը կառույցի ղեկավարներից ու ամբողջ անձնակազմից պահանջում է պատասխանատու մոտեցում և ամենօրյա քրտնաջան աշխատանք»:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն իր շնորհավորական խոսքում պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու Արցախի գործընկերներին՝ աղետների ռիսկերի նվազեցման, քաղպաշտպանության կադրերի վերապատրաստման, նյութատեխնիկական բազայի համալրման և այլ ուղղություններով. «Քաղաքացիական ենթակառուցվածքները պետք է պատրաստ լինեն աջակցելու զինված ուժերին՝ ռազմական գործողությունների հաջող ընթացքն ապահովելու համար: Դրա համար մեր նպատակներն ու խնդիրներն են` աղետների գիտակցումը, աղետների ռիսկերի պետական կառավարման ուժեղացումը ռիսկի հաղթահարման համար, ներդրումները՝ ռիսկի նվազեցման, դիմակայունության, հզորացման նպատակով, աղետների պատրաստվածության ամրապնդումն արդյունավետ արձագանքման համար: Բոլորիս կոչ եմ անում հետևել այն սկզբունքին, որով մենք պետք է շարժվենք միասին: Այն է՝ անել ավելին, քան արված է»,- կարևորեց Դավիթ Տոնոյանը:

Ծառայության հետ կապված յուրաքանչյուր խնդիր և ձեռքբերում երկրի ուշադրության կենտրոնում է, հավաստիացրեց Բակո Սահակյանը: Ծառայությունը պարբերաբար և վերջին շրջանում հատկապես վերազինվում է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ինչը  պայմաններ է ստեղծում արդյունավետ արձագանքել բնակչության ահազանգերին և ցուցաբերել համապատասխան օգնություն: Ըստ Բակո Սահակյանի՝ փրկարարների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավումը շարունակվելու է: Նրա խոսքով՝ պետությունը շարունակելու է միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ծառայության աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանը:

Հանդիսավոր արարողությանը Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մի շարք աշխատակիցներ Արցախի նախագահի, ոստիկանապետի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ՀՀ ԱԻ նախարարի կողմից պարգևատրվեցին շքանշաններով, պատվոգրերով և այլ պարգևներով: