Այս շաբաթ Երևանում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները: Պատեհությունն օգտագործելով՝ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները ստորագրել են մի շարք ուշագրավ  փաստաթղթեր:

Արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը:

Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր են ստորագրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ՌԴ Սարատովի մարզի կառավարության միջև մտադրությունների մասին արձանագրություն են ստորագրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը:

Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի հետ առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից և փաստաթղթերի ստորագրումից հետո Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

Կողմերն արձանագրել են, որ մեր երկրների դաշնակցային հարաբերությունները տարեցտարի դինամիկ զարգանում են: Այս հանդիպմանը քննարկվել են և՛ ներդրումային, և՛ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հայտարարվել է, որ ստորագրված փաստաթղթերը կնպաստեն երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

 

Արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտումհամագործակցության համաձայնագրի մասին՝ առավել մանրամասն մերթերթի առաջիկա համարներից մեկում: