Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հյուրընկալվել էին ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ճանապարհային ոստիականությունը Ակադեմիայի սպայական կազմին և ուսանողներին ներկայացրեց անվտանգության ամրագոտու ստենդը: Այն փորձարկեցին և՛ սպաները, և՛ ուսանողները: Ստենդը հնարավորություն է տալիս դիտարկելու ավտոմեքենայով ամրագոտիով երթևեկելու անվտանգությունը: Այն, թե ինչ տեղի կունենա վարորդի և ուղևորների հետ մինչև 30 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենան վթարվելու դեպքում, եթե ամրագոտին կապված չլինի:

  • Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ամրագոտու առկայության դեպքում զոհերի թիվը մեկ տարվա ընթացքում 83-ով պակաս է եղել՝ նախորդ տարվա համեմատ, երբ անտեսվել է ամրագոտին¦,- ասաց փորձարկմանը ներկա Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը:

Ակադեմիայի Փրկարարական ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանը նշեց, որ նման միջոցառումները կարևոր են, որպեսզի ապագա փրկարարներն իրենց մաշկի վրա զգան, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ անտեսվում են անվտանգություն կանոնները:

Ակադեմիայի ուսումնական գծով պրորեկտոր Հայկուհի Ղարիբյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության աշխատակիցներին ստենդի փորձարկան հնարավորության համար՝ հույս հայտնելով, որ ոստիկանության հետ գործակցությունը շարունակական կլինի: