Հոկտեմբերի 13-ին՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի 3-րդ և 4-րդ կուրսերի ավելի քան 100 ուսանողի մասնակցությամբ ՃՊԿԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում անցկացվեց ցուցադրական գործնական պարապմունք-վարժանք՝ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group INSARAG) սահմանած չափանիշներով:
Առաջին անգամ է, որ վարժանքն անցկացվում էր ուսանողների մասնակցությամբ:
Վարժանքին հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԻ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված «Դիմակայունություն՝ հանուն կայուն զարգացման» երևանյան եռօրյա միջազգային համաժողովին մասնակից եվրոպական և ասիական 17 երկրների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում նույն օրն անցկացված Միջբուհական ուսանողական գիաժողովի մասնակիցներն ու հյուրեր:

Վարժանքի սցենարն առավելագույնս մոտեցված էր իրականությանը: Ուսանողների փրկարարական գործողություններին հետևում էին Ակադեմիայի պրոֆեսիոնալ փրկարար դասախոսները, որոնք նաև INSARAG հայկական թիմի անդամներ են: Վարժանքը բարդ էր. INSARAG-ը սահմանել է 250 չափանիշ՝ սկսած կառավարումից մինչև տուժածների հայտնաբերում, տարածքի նշագրում և այլն: Ուսանողները պետք է հաղթահարեին դժվարին չափանիշները:

Սցենարի համաձայն, տեղի է ունեցել երկրաշարժ, կան փլուզումներ, խուճապ է, զոհեր, տուժածներ կան: Պայմանական աղետի գոտում ուսանողներն առանձնացրեցին վտանգավոր տեղամասերը, ձևավորվեցին օպերատիվ կառավարման շտաբ, հաստատվեց տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցությունը: Ուսանողները պարանային գործողություններով կազմակերպեցին փլուզված բարձրահարկ շենքից տուժած մարդկանց տարհանումը, փլատակներում մնացած մարդկանց հայտնաբերումն ու դուրս բերումը, ցուցաբերեցին առաջին օգնություն:

Ֆիզիկական և տեխնիկական որոնումն իրականացվում էր երեք տեսակի սարքերով: Ուսանողները փլած պանելները կտրում-մասնատում էին պնևմատիկ, հիդրավլիկ, էլեկտրական, մեխանիկական սարքերով: Սցենարը բավականին բարդ էր նաև նրանով, որ փրկարարական աշխատանքները սկսելուց հետո կառավարման շտաբում պարբերաբար նոր ահազանգեր էին ստացվում. երկաթուղային կայարանում հրդեհ է, խուճապահար մարդկանց հոգեբանական աջակցություն է պետք, վագոն-ռեստորանում մարդիկ ծխախեղդ են լինում, ուղեկցորդուհին ուշագնաց ընկած է վագոնում: Արագ գործողություններով ուսանող-փրկարարները վագոնից տարհանեցին 15 տուժածների և մեկուսացրեցին սաստկացող հրդեհը և մարեցին:
Շենքի փլատակներից աղետյալ ձայներ են լսվում, հավանաբար մարդիկ կան: Փրկարաները կտրեցին փլատակների հաստ պանելները և պատգարակով դուրս բերեցին տուժածներին: Որպեսզի տուժածները փոշեխեղդ չլինեն, ուսանող-փրկարարները գործածեցին օդազտիչ սարք, որը մեծապես օգնեց տուժածների փրկությանը:
Շենքերից մեկի փլուզման հետևանքով մեքենաներ են բախվել պատին ու մնացել քարերի արանքում, որտեղ մարդիկ են արգելափակվել: Վարժանքի մասնակիցները հմուտ գործողություններով կտրեցին ու հեռացրեցին ջարդոտված մեքենային վերնամասը, տուժածներն ունեին սրունքի բաց կոտրվածք և ողնաշարի վնասվածք: Փրկարարները տուժածներին դուրս բերացին մեքենայից, ցուցաբերեցին առաջին օգնություն և պատգարակներով մոտեցրին ահազանգով տեղ հասած շտապօգնության մեքենային:

Ամեն տեղամասում ուսանողների առանձին խումբ էր: «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտություն ընտրածներն աշխատում էին «Երկրաշարժի ժամանակ ավտովթարի հետևանքների վերացում» հատվածում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգավվել էին «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության ուսանողները: Փլատակների մաքրումն իրականացնում էին «Փրկարարական գործի» ուսանող-մասնագետները:
Երկրաշարժից տուժածների դերում էլ Ակադեմիայի ուսանողներն էին, ինչը, ըստ բուհի փրկարարական ֆակուլտետի դեկան, վարժանքի կազմակերպչական խմբի ղեկավար, փ/ծ գնդապետ Գևորգ Հովակիմյանի խոսքով, ուսանելի է, քանի որ ապագա փրկարարը թե՛ ֆիզիկական որոնում իրականացնողի, թե՛ արտակարգ դեպքի ականատեսի դերում, սովորելու, փարկարարական գործի դժվարություններն ու նրբությունները զգալու հնարավորություն ունի:
Ակադեմիայի փրկարար մասնագետներն ապահովում էին վարժանքի անվտանգությունը, փրկարարական աշխատանքներին չէին միջամտում: Իսկ երբ ուսանող-փրկարարների համար իրավիճակը դառնում էր արտակարգ կամ սխալ, միջամտում էին, ճշգրիտ ցուցումներ տալիս և հրահանգում շարունակել:
Ավարտին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ վարժանքների արդյունքներից գոհ է. «Այն վկայեց փրկարարական աշխատանքներում Ակադեմիայի ուսանողների պատրաստավածության աստիճանը: Բացի այդ, մենք հնարավորություն ունեցանք մեր օտարերկրյա գործընկերներին ցուցադրելու մեր փրակարական կարողությունները, տեխնիկական հագեցվածությունն ու Ակադեմիայի աշխատանքն ու բարձր պատրաստվածությունը: Ինչը շատ կարևոր է: Սա մեծ հնարավորություն էր ուսանողների համար ևս մեկ անգամ ցուցադրելու Ակադեմիայում ստացած գիտելիքները վարժանքում»:
«Կեցցե՛ն, Ակադեմիայի ուսանողները,- հիացմունքով նկատեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը և հավելեց,- բավականին պատրաստված ուսանողներ ունենք: Ես՝ որպես փրկարար, հիացած եմ INSARAG-ի չափորոշիչներով անցկացված ուսանողական այս վարժանքից, հիացած եմ ուսանողների փրկարարական կարողություններով: Կային փոքրիկ թերություններ, որոնք շտկելի են: Բայց… չմոռանանք, որ դեռ ուսանողներ են: Ուսանողներն իրենց շատ լավ դրսևորեցին, հատկապես՝ պարանային գործողություններում: Հրդեհաշիջում իրականացրեցին հմտորեն: Ավտովթարը բավականին գեղեցիկ ստացվեց: Ամեն ինչ շատ լավ էր»:

«Այս վարժանքի նպատակը համալիր փրկարարական աշխատանքների կատրման, աղետի կառավարման, փրկարարական հմտությունների հղկումն էր՝ ուսանողների կողմից: Ուսանողներն ունեն ուրույն մտածողություն, և մենք ուզում էինք տեսնել այդ նոր, թարմ մտածողությունը որևէ դեր կխաղա՞ր: Մենք կարո՞ղ ենք արդյոք հղկել ինչ-որ բաներ, որոնք ժամանակին չենք նկատել: Իրենց մոտ զարգացնել թե՛ աղետի կառավարման հմտությունները, թե՛ փրկարարական աշխատանքների կատարումը տարբեր արտակարգ իրավիճակներում՝ սկսած հրդեհից, վերջացրած փլատակների տակ աշխատանքներ կատարելուց»,- նշեց Ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:
«Փրկարար-ուսանողներն աշխատեցին գերազանց, ամեն ինչ շատ լավ էր, ինչ պլանավորել էինք ամբողջությամբ իրականացվեց, գերազանց մակարդակով: Հրդեհը նախատեսածից մեծ ստացվեց: Ուսանողները և՛ կարողացան մեկուսացնել, և շիջում իրականացնել: Ես շատ գոհ եմ ուսանողներից»,- ամփոփելով ուսանողների վարժանքը՝ նշեց վարժանքի կազմակերպչական խմբի ղեկավար, փ/ծ գնդապետ Գևորգ Հովակիմյանը: