Հոկտեմբերի 10-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում պաշտոնապես հայտարարվեց, որ Dasaran.am կայքում հասանելի է անվտանգության մշակույթի ձևավորմանն ուղղված «Սուպեր Դավիթը» առցանց խաղը: Խաղի շնորհանդեսին ներկա էին մտահաղացման հեղինակներն ու աջակիցները. ԱԻ նախարարության, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Dasaran.am կայքի ղեկավարներ եւ խաղի ստեղծմանն աջակցած կառույցների ներկայացուցիչներ՝ Ճապոնիայի դեսսպան, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար եւ այլք:

«Սուպեր Դավիթը» խաղն արդեն երկու շաբաթ է հասանելի ու արդեն 187 186 անգամ խաղացվել է: Ըստ Dasaran.am կայքի ղեկավարության, կայքի յոթամյա գործունեության մեջ նման բան չէր եղել:

Թե ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, թե  ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը, թե Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին, թե Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոնը կարեւորեցին նման նախաձեռնությունները, «Սուպեր Դավիթը» առցանց խաղն անվանելով համագործակցության փայլուն եւ հաջողված արդյունք, ապրելու միջավայրը եւ առկա ռիսկերը ճանաչելու եւ հասկանալու միջոց, անվտանգության մշակույթի ձեւավորման եւ ունեցած գիտելիք կիրառելու մտածողություն ձեւավորելուն նպաստող գործոն:

Խաղի մշակման փուլում մոտ 30 երեխա մասնակցել է փորձարկումներին: «Սուպեր Դավիթի» շնորհանդեսի օրը Dasaran.am կայքի ղեկավարության նախաձեռնությամբ նրանք դարձան խաղի դեսպաններ եւ խաղի մասին կպատմեն իրենց դասընկերներին, խաղընկերներին, բոլորին: