Լիտվայի կառավարության պատվիրակության կազմում ընդգրկված էին երկրի էկոնոմիկայի, սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարները, արտաքին գործերի, գյուղատնտեսության և ներքին գործերի նախարարների տեղակալները, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Լիտվացի հյուրերը Հայաստանում էին հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով և ցանկություն են հայտնել ծանոթանալու ԱԻ նախարարության գործունեությանն ու փորձին:

Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները: Հյուրերը նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետ փորձով, որն օգտակար կարող է լինել իրենց երկրում ԱԻ կառավարման ու արձագանքման կենտրոնացված համակարգ ստեղծելու համար:

Դավիթ Տոնոյանն ասել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել և սերտացնել համագործակցությունն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում:

Լիտվացի հյուրերը ծանոթացել են նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատանքին:

Հոկտեմբերի 3-ին նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը: ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ավդեևը ՌԴ ԱԻ նախարարի անունից ՀՀ ԱԻ նախարարին է ներկայացրել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմից նորանշանակ համատնօրեն Յուրի Պոլեշչուկին և համատնօրենի տեղակալ Կոնստանտին Իզվարինին:

Կողմերը փաստել են մարդասիրական արձագանքման ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման գործընթացի շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը պարբերաբար վերազինվում և արդիականացվում է փրկարարական գույքով և տեխնիկայով, առաջիկայում նախատեսվում է կենտրոնի համալրումը 37 անուն սարքավորումներով, ինչպես նաև՝ պարբերաբար իրականացվում են փրկարար ծառայողների վերապատրաստման դասընթացներ և փորձի փոխանակում: Լինելով միակը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ կենտրոնը կարող է մեծ դերակատարում ունենալ տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման և աղետներին արագ արձագանքման գործընթացում:

Անդրադառնալով լեռնային բարդ ռելիեֆ ունեցող գոտիներում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ռուսական շիջող տեխնիկայի աշխատանքային բարձր արդյունավետությանը՝ ԱԻ նախարարը նշել է նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հենքի վրա ՀՀ ԱԻՆ-ում հումանիտար ավիացիոն բաղադրիչի զարգացման հեռանկարների մասին. մասնավորապես քննարկվել է թիրախային հրդեհաշիջում իրականացնող ինքնաթիռների կիրառումը:

Հանդիպման ավարտին նախարարը երկար տարիների անբասիր ծառայության համար շնորհակալություն է հայտնել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմից նախկին համատնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին՝ մաղթելով գործընկերներին համատեղ բեղմնավոր աշխատանք:

Սեպտեմբերի 29-ին նախարարությունում կայացել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Քննարկվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման» ծրագրի շրջանակում մշակված «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը: Վերջինիս հիման վրա ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Փրկարար ծառայությունը պետք է մշակի «Համայնքի աղետների ռիսկի կառավարման» ծրագիր, որով նախատեսված է իրականացնել համայնքի վտանգների (սողանքներ, ջրային գոտիներ, քարաթափումներ, սեյսմիկ ռիսկեր, քաղաքացիական պաշտպանության խնդիրներ), խոցելիության և կարողությունների բացահայտում: Ծրագիրը թույլ կտա ամեն համայնքի համար ստեղծել աղետների ռիսկերի իր անձնագիրը, ինչպես նաև՝ թվայնացնել այդ տվյալները և հավաքագրել դրանք մեկ ընդհանուր շտեմարանում, որում ներառված կլինեն նաև տարբեր ռիսկայնություն ունեցող տեղանքների քարտեզները:

ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումներին տրված մի շարք հանձնարարականների և նկատառումների շարքում Դավիթ Տոնոյանը կարևորել է վերոնշյալ ծրագրերի ներառումը «Մարզի զարգացման 2017-2025 ռազմավարության» և «Համայնքի զարգացման 2017-2022 ռազմավարություն» ծրագրերում:

Նշենք, որ առաջին տարին չէ, որ ԱԻՆ պատասխանատուները շեշտում են համայնքի մակարդակում աղետների ռիսկերը ճանաչելու, գնահատելու և ըստ դրա գործողություններ նախատեսելու անհրաժեշտությունը:

 

Աղբյուր՝  www.mes.am