Ուժեղ ու հպարտ երկիր դառնալու ուղիներն էին քննարկվում Հայաստան-Սփյուռք համաժողովում: Մեր նավը լեռներից բաց ծով նավարկության դուրս բերելու քննարկումներին մասնակցում էին մեր շատ հայրենակիցներ` մտահոգ համահայկական գործերով: Համաժողովում մեծ համախմբում կար ու գործ: Բացահայտվեցին նոր իրողություններ ու կիրառելի հնարավորություններ: Հաստատագրվեց, որ մեր երկիրն այսօր ունի զարգացած ՏՏ ոլորտ և ունակ է ստեղծելու մեծանշանակ գիտական արտադրանք: Նշվեց, որ գիտական հոդվածներով շատ ավելի առաջ ենք Արևելյան Եվրոպայի երկրներից և դրանց ազդեցությամբ 40-րդն ենք աշխարհում: Շեշտվեց. ստեղծում ենք գիտական արդյունք, բայց և շատ վատ ենք առևտրայնացնում դրանք: Իսկ դրա համար պետք է մեծացվի հետազոտությունների թիվը, որը կբերի մշակումների կատարելիության: Հաջողություններ ունենք արդեն սեփական ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելու ուղղությամբ, մշակումներ արդեն կան, ինչը թև է տալու երկրի զարգացմանը, երաշխիքն է խաղաղության, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը ուժեղ ու հպարտ երկիր ունենալն է: Ավաղ, ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են: «Մեր նպատակն է, որ Հայաստանը 2040-ին ունենա առնվազն 4 մլն բնակիչ»,- համաժողովում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը և կոչ արեց համահայկական քննարկման՝ «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի իրագործմանը հասնելու համար: «Կարծում եմ, որ հասունացել ենք հայրենադարձության կազմակերպման համար: Հայաստանում ստեղծված են գործարարությամբ զբաղվելու, շահույթ ստանալու, երկիրը շենացնելու բոլոր պայմանները: Վստահ եմ, որ Սփյուռքի և Հայրենիքի ներուժի շարունակական բացահայտման ջանքերը նոր լիցք կստանան Համահայկական խորհրդի ձևավորմամբ»,- հավաստիացրեց նախագահը:

«Պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան արարելու, զարգացնելու, ավելացնելու՝ իր գերագույն արժեքի՝ մարդու համար: Մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ: Երկիր կառուցելը ոգևորիչ նպատակ է, որի շուրջ պարտավոր ենք համախմբվելու»,- իր ելույթում մատնանշեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք ուզում ենք,- ասաց նա,- որպեսզի սփյուռքի գիտության և մշակույթի գործիչները, կառավարիչները մասնակիցը դառնան երկրում ընթացող բարեփոխումների՝ կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու»: Եվ հանդիմանեց՝ «Ինչո՞ւ ուրիշները կարող են, իսկ մենք՝ ոչ»: Կարո՛ղ ենք: Եկել է ժամանակը կառուցելու մեր երազած երկիրը, որը կպահպանի եղածը, տուն կբերի կորցրածը: Որ է՛լ չլսենք Արամ կաթողիկոսի դառնադրոշմ, իրապաշտ ու անկեղծ խոսքը. «Հայաստանը կպարտվի, իսկ Սփյուռքը կմաշի»:

Այլ տարբերակ չունենք: Սուղ է ժամանակը: Հայի ստեղծարար միտքը Հայրենիքում պիտի բյուրեղանա, կյանքն այստեղ օրինապաշտ ու կազմակերպված պիտի լինի: Հայրենադարձե՛ք՝ որպես քաղաքացի, որպես զինվոր, որպես լույս ու միտք տվող հայ: Համահայկական գործեր շատ ունեք: