Նա վախճանվեց մեծ երկրաշարժից. մի տապանաքարի պատմություն

Երևանի Կոնդ թաղամասի հյուսիսարևմտյան ծայրամասում էր գտնվում քաղաքի ամենահին՝ Կոզեռնի գերեզմանատունը, որտեղ կային ինչպես վաղքրիստոնեական և ուշմիջնադարյան գերեզմաններ, այնպես էլ նախաքրիստոնեական շրջանի քարարկղե դամբարաններ:

Գերեզմանոցն իր անունը ստացել էր 10-11-րդ դարերում մեծ համբավ վայելած և այստեղ անթեղված գիտնական վարդապետ Հովհաննես Կոզեռնի անունից: Ըստ պատմիչներ Արիստակես Լաստիվերցու և Մատթեոս Ուռհայեցու՝ հայ և բյուզանդացի թագավորները, հայոց կաթողիկոսները հաճախ էին դիմում տոմարագետ և աստղագետ Կոզեռնի օգնությանը՝ արևի խավարման և երկրաշարժերի պատճառներն իմանալու համար:

«Երկրաշարժագետ» Կոզեռնի գերեզմանի վրա 11-րդ դարում կառուցվեց մատուռ-տապանատուն, որը, ճակատագրի հեգնանքով, կործանվեց Գառնիի երկրաշարժից՝ 1679 թվականին: Ցավոք, վաղուց կորած է Կոզեռն գիտնականի տապանաքարը և անհայտ է նրա տապանագրի բովանդակությունը:

1930-ականների սկզբին, Երևան քաղաքի՝ դեպի այդ ուղղությամբ ընդարձակվելու պատճառով, Կոզեռնի գերեզմանատունը հայտնվեց քաղաքաշինական պլանի տակ, և կառավարությունը այն տեղափոխելու որոշում կայացրեց:

1934-ին Պատմության և գրականության ինստիտուտի հուշարձանների պահպանության բաժնի հնագետների խմբին հանձնարարվեց ուսումնասիրել հնավայրը և արտագրել տապանագրերը՝ նախքան ննջեցյալների աճյուններն իրենց տապանաքարերով այլ գերեզմանատուն տեղափոխելը: Ցավոք, տապանաքարային արձանագրությունները հավաքվեցին ընտրողաբար, և ուսումնասիրությունից դուրս մնացին տասնյակ անթվակիր տապանագրեր:

Այս պատմությունը մենք բերեցինք մեկ անչափ հետաքրքիր հանգամանքի ներկայացման համար: Առանձնապես հետաքրքրված լինելով Հայաստանի պատմական երկրաշարժերով և ցանկանալով դրանց վերաբերյալ շրջանառության մեջ չդրված փաստեր ի հայտ բերել՝ սկսեցինք ուսումնասիրել երկրաշարժերը «վիմագրությունների (արձանագրագիտություն)» գիտաճյուղի միջոցով, որը մինչ օրս դուրս էր մնացել հետազոտողների ուշադրությունից:

Եվ այսպես՝ մեր պրպտումները Կոզեռնի այլևս գոյություն չունեցող գերեզմանատան տապանագրերի մեջ հանգեցրին մի հետաքրքիր տեղեկության բացահայտման: Հայտնաբերվեց տապանաքարային մի արձանագրություն, որը մեզ տեղեկություն է հաղորդում երկրաշարժի զոհ դարձած հանգուցյալի մահվան հանգամանքի և թվականի վերաբերյալ: Արձանագրությունը փորագրված էր օրորոցաձև տապանաքարի կողային նիստին: Ահա տապանագրի գրչանկարն ու վերծանությունը.

Խոսքը Գառնիի 1679 թ. հունիսի 4-ի 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին է, որի հետևանքով ավերվեց նաև Երևան քաղաքը:

Գառնիի երկրաշարժից բազմաթիվ վանքերի, եկեղեցիների ու ամրոցների ավերածությունների մասին են պատմում հայ և օտար պատմիչ-ժամանակագիրները, փաստն հաստատվել է նաև հնագիտական մի շարք ուսումնասիրությունների արդյունքներով:

Կոզեռնի գերեզմանատան այս արձանագրությունը, փաստորեն, հայագիտությանը մինչ այժմ հայտնի միակ տապանագիրն է, որ պատկանել է երկրաշարժի զոհ դարձած հանգուցյալին:

 

Ավետիս ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ ԱԻՆ ՍՊԱրմԾ ԲՏԱԿ

Առաջին կարգի մասնագետ

 

Հ.Գ. «Վիմագրություն և երկրաշարժեր» խորագրով այս շարքը կլինի «911.Արտակարգ թերթի» առաջիկա համարներում: Ձեզ կներկայացնենք նոր ու հետաքրքիր փաստեր Հայաստանի պատմական, երբեմն նաև անհայտ երկրաշարժերի վերաբերյալ: