Վերջին երկու շաբաթները փորձություն էին ԱԻՆ-ականների համար: Մեծ պայքար էր անտառային հրդեհների դեմ Արտավանում, Լոռիում, «Խոսրովում»: Վերջինը արտասովոր հրդեհ էր: Այրվում էր գիհուտը, գիհին սովորական ծառ չէ, որ ջուր լցնեիր՝ հանգչեր: Մեր իրականության մեջ ծառը հայտնի է նաև ակռի, գենի, գի և այլ անուններով: Ունի նաև մատիտածառ անունը: Դեռևս հայտնի չէ Խորենացու խոսքով «խոսրովակերտ» անտառի հրդեհի պատճառը:

Աշխարհում անտառային հրդեհների առաջացման պատճառը մարդկային անզգուշությունն է: Կարող է առաջանալ նաև կայծակից, տորֆի ինքնաբռնկումից: Հրդեհավտանգության աստիճանը մեծանում է հատկապես տեղումների պակասից: Ու մինչ «Խոսրովում» հրշեջներն անմատչելի ծերպերում թեժ կռվի էին բռնվել հրդեհի դեմ, հասարակությունը բաժանվել էր երկու թևի՝ մեկն ուշի-ուշով հետևում էր հրդեհաշիջման ընթացքին, մյուսը՝ քննարկում, խորհուրդներ տալիս, անգամ… փնովում, չգիտակցելով, թե որքան բարդ գործ է անտառային հրդեհը մարելը: Փոխանակ օրհնելու վտանգաշատ գործը: Որևէ մեկի մտքով անգամ չանցավ հարցնել՝ գուցե հրշեջներից մեկը վնասե՞լ է առողջությունը:

Մեր փրկարարները լավագույնն են տարածաշրջանում՝ տեխնիկական բարձր հնարավորություններով: Նրանց հմուտ գործողությունների շնորհիվ արգելոցում հրդեհը շատ չծավալվեց: Օր առաջ Բորժոմիում սկսված հրդեհն արդեն ընդգրկել է 5000 հա տարածք: Նրանց օգնության են հասել մեր տղերքը, նրանք սովորեցնելու շատ բան ունեն: Մեզ մոտ անտառային հրդեհներ լինում են 10-15 տարին մեկ:

Փրկարարական տեխզինվածությամբ Գերմանիայում ամեն տարի այրվում է մոտ 500-1000 հա անտառ: Իսկ թե ինչպե՞ս են նրանք պաշտպանում անտառը հրդեհային վտանգներից՝ մեզ համար ընդօրինակելի է: Գերմանացիները բարձունքներում էլեկտրոնային դիտակետ-աշտարակներ ունեն: Տեսախցիկը, նկատելով անտառից բարձրացող ծուխը, ահազանգ է հնչեցնում ճգնաժամային կառավարման կենտրոն: Փրկարարներին հրդեհի վայր հասցնում է հրշեջ ուղղաթիռը: Այստեղ էլ մեծ մասամբ հրդեհները մարդկանց մեղավորությամբ են:

«Խոսրովի» հրդեհին փրկարարներն արագ կարձագանքեին, եթե բարձունքներում նման աշտարակներ ունենայինք՝ հետախուզման լավագույն գործիքը:

Լեռնային մեր երկրում անտառային տարածքները փոքր են: Հրդեհի դեպքում շիջումը մեծամասամբ կատարվում է առանց ջրի, մարդկային ուժով, չարչարանքով: Լոռվա հրդեհը, սակայն, մարվեց հրշեջ գնացքով: Հրդեհի տեղադիրքն էր հարմար:

«Խոսրովի» հրդեհից մեծ ցավ է մնացել մեր հոգիներում, գիհուտի հետ կարծես վառվում էր Խոսրով Կոդակի պատմությունը:

…«Խոսրովից» Ճգնաժամային կառավարման կենտրոն փրկարարները զեկուցում են. անտառի վրա թռչում է 8-10 սև անգղ. փրկված շատ գիհուտներում նրանք սնվում են ծառի պտուղներով: Լավ լուր է: Արգելոցում աստիճանաբար մարվում են թաքնված հրդեհները: Անտառապահներն ու փրկարարները կապի մեջ են: