-«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման օրերին պաշտոնական աղբյուրները հայտնում էին, որ իրավիճակը լիովին վերահսկվում է, մինչդեռ հրդեհաշիջմանն աջակցելու համար արգելոցում գտնվող կամավորները պնդում էին հակառակը: Ըստ տեսանյութերի՝ կրակի դեմ պայքարող բնապահպանների հետ փորձառու մեկը չկար՝ ուղղություն տալու, աշխատանքները համակարգելու համար։ Կամավորները շիջման համար նախատեսված գործիքեր չունեին:

Որքանո՞վ էր պատրաստ արգելոցի տնօրինությունը նման արտակարգ իրավիճակին: Որքանո՞վ էր վերահսկելի իրավիճակը։

— Քամու և խիստ չորային եղանակի պատճառով հրդեհը տարածվում էր մեծ արագությամբ։ Հաշվի առնենք, որ տարածքն արգելոցային է և այնտեղ արածացում չի կատարվում, և բարձր խոտի ու հումուսային դյուրավառ  ծածկույթի պատճառով հրդեհի տարածմանը նպաստող պայմաններ էին ստեղծվել։   Եթե հաշվի առնենք նաև տեղանքի բարդությունը, ապա ակնհայտ կդառնա, թե որքան դժվար էր հրշեջների գործը։
Հրդեհը մի քանի հատվածներում էր, և կապի բացակայությունը խանգարում էր լիարժեքորեն կազմակերպել աշխատանքները։
Քանի որ կրակի ընդգրկած տարածքը մեծ էր, հնարավոր է՝ առանձին հատվածներում իսկապես փորձառու,  ուղղություն տվող մարդկանց պակաս լիներ։
Մյուս կողմից, նույն աjդ պատճառով արգելոցի տնօրինության ունեցած գործիքները չէին կարող բավարարել։

 

— Ինչպե՞ս եք գնահատում հրշեջ փրկարարների աշխատանքն այդ օրերին։

— Պիտի ասեմ, որ բոլորը գործում էիւն անձնազոհ կերպով։ Հիշեցնեմ, որ այդ մարդիկ մինչ այդ մասնակցում էին Արտավանի հրդեհի մարման աշխատանքներին։ Ես իմ շնորհակալությունն են հայտնում բոլորին։

— Ի՞նչ գնահատական կտաք հրդեհաշիջման օրերին արգելոցի աշխատակիցների գործունեությանը, պատրաստվածությանը։

— «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը վերջին երկու տասնամյակում իր մասշտաբներով աննախադեպ էր: Արգելոցն ունի պահպանման ամենախիստ ռեժիմը, և ստեղծված միջավայրը, ինչպես ասացի, նպաստել է բռնկված հրդեհի արագ տարածմանը: Արգելոցի աշխատակիցները, ովքեր եղել են տեղում (աշխատակիցների մի մասը Վայոց ձորում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին էին շտապել), փորձել են մարել հրդեհը, ինչը չի հաջողվել: Տեղանքային բարդ իրավիճակը  խոչընդոտել է հրդեհաշիջման աշխատանքներին: Օգոստոսի 13-ին, պարզելով հրդեհի ծավալները, ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նրանց որոշմամբ միջազգային օժանդակություն խնդրենք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ՌԴ ԱԻՆ ԻԼ 76 հատուկ նշանակության ինքնաթիռը, որի ջանքերով, օգոստոսի 16-ի երեկոյան հրդեհի հիմնական օջախները վերացված էին: Կրակի օջախների մարման և հետմարման աշխատանքներին մասնակցել են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, մեր զինծառայողները,  հրշեջ-փրկարարներ, կամավորներ,  ովքեր մեկ մարդու նման փայլուն աշխատանք կատարեցին այս օրերի ընթացքում և անգնահատելի ներդրում ունեցան մեր ժողովրդի, պետականության, ապագա սերունդների սեփականությունը պաշտպանելու գործում և  որոնց կրկին շնորհակալություն եմ հայտնում սրտացավ վերաբերմունքի և օժանդակության համար:

 

— Մամուլում, սոցցանցերում շատ խոսվեց ի հայտ եկած տեխնիկական թերությունների մասին։ Ըստ ձեզ՝ որո՞նք էին դրանք։

 

— Գլխավորը կապի բացակայությունն էր։ Այժմ աշխատանքներ են տարվում կապ ապահովելու ուղղությամբ։ Արտակարգ այս իրավիճակն, իրոք, ցույց տվեց, որ անելիքներ շատ ունենք թե՛  հակահրդեհային միջոցառումներն առավել ուժեղացնելու, տեխնիկական զինվածությունն ավելի հզորացնելու առումով, թե՛ մասնագիտական կարողությունների զարգացման առումով:

 

— Անտառ-շրջակա համայնքներ համագործակցային հարաբերությունների մասին․ մերձակա համայնքների բնակիչները որքանո՞վ ներգրավվեցին հրդեհաշիջման գործին։

 

— Համայնքի բնակիչները, ինչպես և բազմաթիվ մարդիկ, այս օրերին  փորձել են օգտակար լինել և մասնակցություն են ցուցաբերել հրդեհաշիջման աշխատանքներին: Այլ հարց է, որ ունենք որոշակի խնդիրներ. կան համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներ, որոնք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի ամբողջականությունը խաթարում են, և արդյունքում ունենում ենք շատ բարդ պատկեր: Գյուղացիներն այդ տարածքներում խոստհարքեր ունեն և այնտեղ հասնելու համար պետք է անցնեն արգելոցի միջով, սակայն արգելոցային ռեժիմում սահմանափակումներ կան: Կան նաև վիճելի տարածքներ, դրա համար մենք առաջիկայում շահագրգիռ կողմերի հետ ուզում ենք քննարկման առարկա դարձնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի մշակումը, լիարժեք ամբողջացնենք այն, որ մի կողմից՝ այն՝ որպես կենսաբազմազանության կարևոր տարածք, որպես արգելոց լիարժեք լինի, ինչքան հնարավոր է՝ քիչ հարաբերվի, քիչ շահերի բախումներ ունենա համայնքների, մասնավոր հատվածի հետ: Մյուս կողմից էլ՝ համայնքների բնակիչները մտածեն, որ այդ տարածքները պետությունը ոչ թե հենց այնպես պահպանում է, այլ բնակիչների շահն է այս տարածքների պահպանությունը և առաջընթացը:

 

— Մոտավոր հաշվարկներով՝ ի՞նչ վնասներ կրեց արգելոցը:

 

— Նախնական հաշվարկներով շուրջ 1600 հա վնասված տարածքի մասին կարող ենք խոսել, որի մի հատվածը գիհու նոսրանտառային մասն է, ցավալիորեն սա մեծ կորուստ է, քանի որ գիհին դժվար աճող ծառատեսակ է։ Լայնատերև կանաչապատ հատվածներով, ինչպիսիք, ասենք կաղնուտներն են, հրդեհն անցել է, ըստ էության չվնասելով ծառերը: Ուսումնասիրությունները ներկայումս շարունակվում են, քարտեզագրումից և չափագրումից հետո կունենանք ամբողջական պատկեր:

 

— Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ է նախատեսվում ձեռնարկել՝ Խոսրովի արգելոցում հրդեհված տարածքների վերականգնման ուղղությամբ։
— Կենդանական աշխարհից կորուստներ ունենք՝ սողուններ, միջատներ, կրծողներ: Խոշոր կաթնասունների մասով չունենք արձանագրված որևէ կորուստ: Ներգրավելով տեղական և միջազգային մեր գործընկերներին՝  նախատեսում ենք  առաջիկա տարիներին խիստ հսկողական դիտարկումները շարունակել: Կմշակվի վերականգնման ծրագիր, որով հաստատված միջոցառումների իրականացումը հնարավորոթյուն կտա, որպեսզի  առաջիկա տարիներին ունենանք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հնարավորինս վերականգնված կենսաբազմազանության ամբողջական պատկերը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցն ունի պահպանվող տարածքի եվրոպական դիպլոմ, ինչը նաև  պարտավորություն և պատասխանատվություն է մեզ համար՝ միջազգային հանրության առջև, և պատահական չէ, որ միջազգային հանրությունն էլ անընդհատ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ավելի ուժեղացնի արգելոցի պահպանումը և բարելավի վիճակը:
Հարցազրույցը՝ Ժաննա ՍԱՐԳՍՅԱՆԻ