Ժայռապատ սարի կատարից կրակը իջել է անտառ, մոխրացած խոտածածկ սարալանջեր են ու այրված ծառերի սև ու սուր գերաններ՝ ցից-ցից երկինք պարզված: Տպավորում են ինչպես մահվան ճամբարի ուղեկալներ կամ անդրաշխարհի դարպասներ: Տեղ-տեղ օազիսների պես կանաչ տարածքներ դեռ կան այդ մոխրե անապատում կամ սև օվկիանոսում, որ ձոր ու բլուրի հաջորդումով թվում է փոթորկված ու ալեկոծ՝ նկարված վարպետ նկարչի ձեռքով: Այս դեպքում ինքնայրված բնությունն է, որ քարացել է երկնքի կտավին՝ որպես անփույթ, սակայն անվիճելիորեն հմուտ վրձնահարված: Վերևում՝ երկնքի կապույտին, ամպերի սպիտակ ծվեններ ու քուլաներ են, իսկ ներքևում՝ սև ու մոխրե սարերի ստորոտին, կանաչ օազիսներ ու փրկված անտառափեշեր: Վերևի ու ներքևի անհավասար հավասարությունն այսպիսին է տիեզերքի խարխլված այս անկյունում: Իսկ խարխլումը թերևս շարունակվում է քողարկված, արտաքուստ խաղաղեցնող շղարշի տակ: Թաքուն այրվող տորֆային շերտն է, որ հանկարծ բացահայտ է դառնում՝ կրակե լեզուն դուրս ցցելով մի կանաչ վայրում, կամ շիջված ծառի արմատներն են, որ ծպտված այրվում են ու նորից բոցավառում արդեն մոխրի սև շերտով պատված ծառաբունը: «Բահով քերում ենք գիհիի բները, հողով ծածկում, քանդում այրվող արմատները, շիջում, հաճախ ջուրը չի էլ օգնում, պատահում է ժամերով մի ծառաբնի վրա ենք չարչարվում»,- ասում են փրկարարները և ավելացնում, որ գիհին այն ծառատեսակն է՝ իր խեժային առանձնահատկությամբ, որ մարելուց հետո կրկին բռնկվում է, իսկ արգելոցի անտառապատ տարածքը հիմնականում գիհիներ են: Մինչև երեկո դեռ հրդեհի վտանգ պարունակող տարածքի բոլոր օջախները փրկարարները մարում են, որևէ առանձնահատուկ ու կրակե նշաններ ցուցանող երևույթ չի նկատվում, կարծես ավարտվեց ամեն վտանգավոր ընթացք: Սակայն լուսաբացին կրկին հողից վերև ու ժայռերի արանքներում ցցվում են կրակե լեզվակները, կարծես աստղազարդ երկնքի երկրային կրկնակը լինի՝ երկինք ու երկիր նույնացնելու միտումով: Թերևս այդպես ժայռին գամված Պրոմեթևսի լյարդն էր, որ ցերեկը կտցում էին արծիվները, իսկ գիշերը կրկին աճում էր: «Բուն գործընթացն իրականացնում են փրկարար տղաները: Քարաժայռերի մեջ այծերի բացած կածաններով այսօր մարդիկ են քայլում, այրվող ծառաբնից ծառաբուն շիջելով իջնում են ներքև: Մարդու նոր տեսակ է ձևավորվում և այդ տեսակը մեր փրկարարն է»,- հպարտ ու արժանապատիվ նշում է փ/ծ գեներալմայոր Վրեժ Գաբրիելյանը: Պարանների օգնությամբ տեղաշարժվում, ձեռքներին բահ ու կացին, շալակներին սրսկիչ ապարատ ու կրակմարիչ բալոն, վերևից՝ կիզիչ արև, ներքևում՝ բոցավառվող ծառաբուն… փրկարարն է աշխատում՝ արևից այրված մաշկով ու կրակից կարմրած դեմքով, ծխահարված ու ջրազրկված, որ մոռացել է սնվելու մասին: Այտուցված ոտքերով ու մրապատ ձեռքերով է, որ երբեմն ու հանկարծ մինչև գոտկատեղը խրվում է այրվող տորֆի շերտի մեջ: Նրանց հետ են նաև Խոսրովի արգելոցի բնապահպանները որպես տեղանքին քաջածանոթ ուղեկցորդներ: Այսպիսին է հետհրդեհային շիջման աշխատանքները  Խոսրովում: