Հրդեհաշիջման 7-րդ օրն է, իրական հրդեհը մարվել է գրեթե երեք օր առաջ, սակայն փրկարարները աշխատանքը ավարտված չեն համարում քանի դեռ մերթ ընդ մերթ իրեց գոյությունը կայծկլտացնող կրակի օջախները վերջնականապես վերացված չեն: Մարվել չցանկացող ու վերջնականապես չհանձնվող կրակի կետերում շարքային փրկարարների կողքին են ՀՀ ԱԻ նախարարության սպայական կազմն ու ղեկավարությունը: Նրանք կապի միջոցով ղեկավարում են աշխատանքները՝ անընդհատ ցուցումներ տալով, հետախուզում տարածքն ու անմիջապես մասնակցում շիջման աշխատանքներին: Առավոտ կանուխ փրկարարների հետ ուղևորվում են սարերը և մութ-մթով վերադառնում: Իսկ կապը չի լռում, ինչպես պատերազմի դաշտում է, անընդհատ հնչում են ծածկանուներ՝ միմյանց հարցնելով ու պատասխանելով, և այդ ընթացքում պարբերաբար լսվում է. «Ղազարյան, նախարարը կապի մեջ է… Գյոզալյան, նախարարը կապի մեջ է… Հովակիմյան, նախարարը կապի մեջ է…»: Իսկ ժամը 10-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն արդեն ճամբարատեղիում է: Ուղղաթիռով հասցրել է տարածքը զննել: Խորհրդակցություն է անցկացնում ճամբարատեղիում մնացած սպաների հետ, հրահանգներ տալիս ու մեքենայով ուղղվում կրակի թաքուն ու բացահայտ օջախներից համառորեն չհրաժարվող արգելոցի բարձրադիր վայրեր: Հետո կրկին ուղղաթիռով չխաղաղվող տարածքը կզննի արդեն ամենատես երկնքից: