Դեռևս 2015-ին Հայաստանում սկսվեց սահմանամերձ համայնքներում, առավելապես Տավուշի մարզում, քաղաքացիական պաշտպանության հենակետերի հիմնումը, 2016-ի վերջին արդեն քաղաքացիական պաշտպանության ուժերի 189 ծառայող մարտական հերթապահություն էր իրականացնում սահմանամերձ Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան, Կոթի գյուղերում: Հենակետերի նպատակներն են. սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պահպանությունը, պահակային ծառայությունը, պաշտպանիչ կառույցների և դիրքերի կառուցումը, ավերված, խարխլված, այրվող շինություններից տուժածների հայտնաբերումն ու տարհանումը, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերումը: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունը շարունակում է քաղաքացիական պաշտպանության հենակետերի տեխնիկական վերազինումը, արդիականացումը, նոր հենակետերի կառուցումը: Արվածին և անելիքին ծանոթանալու նպատակով հուլիսի 17-ին Տավուշ էր մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը եղավ Պառավաքար, Չորաթան, Մովսես, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում, շրջեց հենակետերի տարածքներում, ծանոթացավ գույքային և տեխնիկական հագեցվածությանը:

Հենակետերում ծառայում են տեղացիները, այսպես լուծվում է նաև բնակչության զբաղվածության խնդիրը: Նախարար Դավիթ Տոնոյանը կարևորում է ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածությունը բոլոր դեպքերում՝ արտակարգ իրավիճակներում պահպանություն, փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ, առաջին բուժօգնություն:

Շուտով քաղաքացիական պաշտպանության հենակետերում ծառայության կանցնի սահմանամերձ համայնքների բնակիչ երիտասարդների հերթական խումբը, իսկ ԱԻՆ-ը նախատեսում է քաղաքացիական պաշտպանության ևս տասը հենակետ բացել Տավուշի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում: