Փրկվել է հինգ վիրավոր արագիլ

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 500 ահազանգի են արձագանքել: Շատ հաճախ փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է մոտ 100 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 130 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք վարչական շրջանների և Լոռու ու Կոտայքի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 18 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Գետերի և ջրամբարների ափերին արգելափակված մեքենաներն են դուրս բերվել երթևեկելի հատված: Բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ հաճախակիացել են բուսածածկ տարածքների հրդեհները: Այս շաբաթ ամենախոշոր հրդեհը գրանցվել է Երևանում. պաշտպանության նախարարության մատույցներում այրվել է մոտ 5 հեկտար բուսածածկ տարածք:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Զարուբյան փողոցի թիվ 18 տան դռան բանալին ընկել է ցանկապատի հակառակ կողմում կուտակած վառելափայտերի մեջ, ձեռքով դուրս բերել հնարավոր չէ: Հրշեջ-փրկարարները փայտերի միջից դուրս են բերել տան դռան բանալին և բացել դուռը: Ազգային ժողովի վարչական շենքը սնուցող ջրի պոմպակայանը վնասվել է, ջրալցվել այգին: Փրկարարները մոտ 40 տ ջուր են հեռացրել: Էրեբունու փրկարարները քաղաքացուց ահազանգ են ստացել, թե ինքը հրկիզել է սեփական խոհանոցը: Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են, որ հրդեհ չկա, ահազանգող քաղաքացին անսթափ է: Սյունեցի փրկարարները գիշերը Իշխանասար գյուղի մոտակայքում մոլորված քաղաքացուն գտել և ուղեկցել են գյուղ: Գեղարքունիքի ջրափրկարարները Սևանա լճում շրջված նավակի ուղևորին դուրս են բերել լճից, նավը մոտեցրել ափին: Արմավիրի փրկարարները Արազափ, Շահումյան, Խորոնք գյուղերից վիրավոր 5 արագիլ են տեղափոխել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի: Լոռեցի փրկարարները Ուռուտ գյուղում ձորակից դուրս են բերել երկու այծ և հանձնել տիրոջը: Կոտայքի փրկարարները Բյուրեղավան քաղաքում լողավազանն ընկած կովն են հանել և հանձնել տիրոջը: