Թռչուններ՝ խոհանոցի լվացարանի տակ

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 500 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է մոտ 130 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 130 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Աջափնյակ, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Կենտրոն, Արաբկիր, Դավիթաշեն վարչական շրջանների և Լոռու ու Տավուշի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 30 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Գետերի և ջրամբարների ափերին արգելափակված մեքենաներն են դուրս բերվել երթևեկելի հատված: Բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ հաճախակիացել են բուսածածկ տարածնքների հրդեհները: Այս շաբաթ ամենախոշոր հրդեհները գրանցվել են Սյունիքում և Լոռիում՝ յուրաքանչյուրը՝ մոտ 30 հեկտար: Ավելի քան մեկ հեկտար մակերեսով բուսածածկ տարածքների հրդեհներ են գրանցվել նաև Շիրակում, Գեղարքունիքում, այլ մարզերում:

Այլ կանչեր. Աջափնյակի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Արզումանյան փողոցի բնակարաններից մեկում խոհանոցի լվացարանի տակ թռչունի ձագեր են արգելափակվել: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել թռչուններին և տեղափոխել անվտանգ տարածք: Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Խանջյան փողոցի շենքերից մեկի մոտ կասկածելի պայուսակ կա: Փրկարարները բացել են պայուսակը, կասկածելի իր չի hայտնաբերվել: Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Արաբկիրի 51-րդ փողոցում երեխան բարձրացել է շենքի 2-րդ հարկի պատշգամբ և չի կարողանում իջնել: Հրշեջ-փրկարարները 12-ամյա տղային իջեցրել են պատշգամբից: Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, թե «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հիվանդներից մեկի մատից մատանին հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները մատանին հանել են 12-ամյա տղայի մատից: Գեղարքունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Սևանա լճում՝ Լճաշեն գյուղի լճափնյա տարածքում ջրի մեջ նռնակ կա: Ջրափրկարարները հայտնաբերել են F1 տիպի նռնակ, դուրս բերել ջրից և հանձնել ոստիկաններին: Արմավիրի փրկարարները Ջանֆիդա և Ջրառատ գյուղերում ընկած վիրավոր արագիլներին տեղափոխել են Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի: