Փրկարարները գտել են կորած քաղաքացուն

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 400 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է մոտ 60 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 130 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Աջափնյակ, Ավան, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջանների և Լոռու ու Սյունիքի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 6 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ հաճախակիացել են բուսածածկ տարածնքների հրդեհները: Այս շաբաթ նման ամենախոշոր հրդեհը գրանցվել է Սյունիքում՝ Մեղրիի օդանավակայանի մատույցներում: Հրշեջ-փրկարարներից 50 րոպե է պահանջվել հրդեհը մարելու համար: Այրվել է մոտ 10 հեկտար բուսածածկույթ: Հրդեհաշիջմանը մասնակցել է ազատ հերթափոխից 7 հրշեջ-փրկարար:

Այլ կանչեր. Դավիթաշենի փրկարարներն ահազանգ են ստացել, թե 4-րդ թաղամասում քաղաքացին բարձրացել է 3-հարկանի շինության տանիք և չի կարողանում իջնել: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն իջեցրել են շինության տանիքից:

Արագածոտնի փրկարարները կեսգիշերն անց ահազանգ են ստացել, թե Ոսկեհատ գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել: Ահազանգը ստանալուց մոտ մեկ ժամ անց հրշեջ-փրկարարները Ոսկեհատ գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 55-ամյա տղամարդուն:

Արմավիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Ջանֆիդա գյուղում վիրավոր արագիլ կա: Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխել են Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի: