Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1972 թվականից հունիսի 5-ին նշվում է շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այս տարի տոնի առիթով գիտաժողով էր կազմակերպել Երեւանի պետական համալսարանը: Թեման` <<Էկոլոգիական տեղեկատվությունը եւ մարդու կենսագործունեության միջավայրի անվտանգությունը>>: Գիտաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան: ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոսներ Արայիկ Գասպարյանն ու Ռուզաննա Ղարիբյանը ներկայացրել են <<Մարդու կենսագործունեության միջավայրի անվտանգության կառավարման գործընթացում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գործառնութային դերը>> զեկույցը:
Գիտաժողովին ներկայացվել է եւս 7 զեկույց. <<Էկոլոգիական տեղեկատվության նախազգուշական եւ կանխարգելիչ դերը>> (զեկուցողª Մարգարիտա Ղազարյան), <<Էկոլոգիական տեղեկատվության ձեւավորման աղբյուրների առանձնահատկությունները>> (զեկուցող Հեղինե Հախվերդյան), <<Սելեկցիոն սերմնաբուծության աշխատանքները կապված հանրապետությունում կլիմայի կանխատեսվող փոփոխության հետ>> (զեկուցող Լուսինե Թադեւոսյան) եւ այլն:
Գիտաժողովում խոսել են 1998 թվականին Դանիայի Օրհուս քաղաքում ընդունված <<Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եվ արդարադատության մատչելիության մասին>> կոնվենցիայից, պարենի մեջ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործումից:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսների զեկույցի համաձայն, <<էկոլոգիական տեղեկատվությունը, կարող է հնարավորություն ընձեռել բնակչությանը միջոցներ ձեռք առնել տարբեր սպառնալիքների հետ կապաված վնասի հետևանքների կանխարգելման կամ մեղմացման ուղղությամբ: Կարևոր է միջոցներ ձեռնարկել աջակցելու բնակչությանը արդյունավետորեն մասնակցել պետական մարմինների կողմից շրջակա միջավայրի վրա էական ազդեցություն, անմիջական կիրառման ուժ ունեցող նորմատիվ դրույթների և այլ ընդհանուր կիրառում ունեցող իրավաբանորեն պարտադիր ակտերի նախապատրաստմանը: Մարդու կենսագործունեության միջավայրի անվտանգության բնագավառում գործողությունների արդյունավետ պլանավորման և համակարգման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և լիարժեք տեղեկատվություն առողջության և շրջակա միջավայրի ցուցանիշների, ինչպես նաև դրանց փոխազդեցության վերաբերյալ: Հայաստանում օգտագործվող շրջակա միջավայրի անվտանգության ցուցանիշները նախատեսված չեն առողջության և շրջակա միջավայրի երկարաժամկետ դիտարկման, այդ բնագավառին վերաբերող տվյալների հավաքման և համապատասխան մակարդակի կուտակման համար, ինչը թույլ կտար կատարել առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության վերլուծություն և կանխատեսում: Այսօր առողջության վերաբերյալ առկա տվյալների բազաները չեն պարունակում լիարժեք տվյալներ հնարավոր ռիսկի գործոնների վերաբերյալ>>:
Ա.Զ.
Հ.Գ. Գիտաժողովին ներկայացված զեկույցները տպագրվելու են ԵՊՀ <<Գիտաժողովի նյութերի ժողովածու>>-ում: ՃԿՊԱ դասախոսների <<Մարդու կենսագործունեության միջավայրի անվտանգության կառավարման գործընթացում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գործառնութային դերը>> զեկույցի մասին առավել մանրամասն` մեր թերթի հաջորդ համարում: