Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը մինչը 2018 թ. մայիսի 1-ը երկարաձգելու նախագծին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկել է այս հնարավորությունը դադարեցնել հաջորդ տարվանից: «Պարբերաբար երկարաձգելով ժամկետը, ոչ թե խթանում ենք պարտադիր զինծառայությունից խուսափած շուրջ 1000-ից ավելի քաղաքացիների վերադարձը Հայաստան, այլև նպաստում մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին, որոնք հույս ունեն, որ, մինչև 27-ն արտերկրում գտնվելով, գումարը կվճարեն՝ օրինականացնելով չծառայելը, չենթարկվելով քրեական պատասխանատվության: Այս անգամ ընդհատել պետք չէ: Բայց պետք է որոշենք, որ սա որպես քաղաքականություն շարունակել չի կարելի»,- ասել է նախարարը: Նա վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրել է հանձնարարական տալ աշխատելու շահագրգիռ մարմինների հետ, որպեսզի փաստաթղթերի ցանկն այնպես կարգավորվի, որ գոնե Հայաստանում գտնվողները չկարողանան այս օրենքից օգտվելով՝ խուսափել ծառայությունից:

Եթե օրենքն ընդունվի, զինծառայություն չանցած քաղաքացիների քրեական հետապնդումը կդադարեցվի: