Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Երևանի սիրահարների այգում իրականացվեց «Ես էլ եմ ուզում խաղալ ապահով. տանք հույս մանուկներին» խորագրով ուրախ միջոցառումը՝ Տավուշի սահմանամերձ համայնքների երեխաների մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր «Պահապան» զարգացման հիմնադրամի, «Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի, Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի և «Պողոսյան պարտեզներ» բարեգործական հիմնադրամի  նախաձեռնությամբ: Բացումը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Ելույթներ ունեցան «Պահապան» զարգացման հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանը, «Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, նաև «Խաղաթաքստոցներ» ծրագրի աջակիցները: Սահմանային իրենց կյանքի մասին պատմեցին Տավուշի մարզի երեխաները:

Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և «Պահապան» զարգացման հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով նախատեսում է Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում և մանկապարտեզներում խաղաթաքստոցներ կառուցել: Տավուշի 23 գյուղեր թշնամու դիրքերից ընդամենը 5 կմ հեռավորության վրա են գտնվում, մոտ 20 գյուղ էլ՝ մինչև 10 կմ: Որոշ համայնքներում դպրոցներն ու մանկապարտեզները հենց հակառակորդի նշանառության տակ են: Առաջիկա երկու տարում հիմնադրամը նախատեսում է մարզի 15 ամենախոցելի համայնքներում կառուցել խաղաթաքստոցներ: Համայնքների ընտրությունն ու ապաստարանների քարտեզագրումը վստահվել է ԱԻՆ-ին: Յուրաքանչյուր խաղաթաքստոցի համար անհրաժեշտ է մոտ 2 մլն դրամ գումար, այդ նախաձեռնությունն իրականացնելու համար հիմնադրամն արդեն մի շարք աջակիցների ու գործընկերների վստահությունն է շահել: «Հունիսի 1-ի միջոցառման նպատակը սահմանապահ երեխաներին քաջալերելն է, մեր աջակիցներին շնորհակալություն հայտնելը, հանրությանը խնդրի մասին իրազեկելը, ինպես նաև հասարակության ուշադրությունը սահմանամերձ համայնքներին ուղղելը»,- նշում է «Պահապան» զարգացման հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանը: Ուրախ միջոցառման առանձնահատկությունն այն էր, որ ողջ ընթացքում սահմանապահ Վազաշեն գյուղի «Հավեսին սենյակի», Իջևանի «Արևիկ» կենտրոնի և Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի թվով մոտ 40 սաներ միասին՝ մասնակիցների աչքի առջև, ստեղծեցին իրենց «Խաղաղության պանոն»: Ներկայացվեց Տավուշում ապրող երեխաների համար անվտանգ  ու ստեղծագործ միջավայր ապահովող երկու նախագիծ՝ Տավուշի մարզի սահմանային գյուղերում խաղաթաքստոցների կառուցման ծրագիրը և սահմանամերձ Վազաշեն գյուղի «Հավեսին սենյակի» զարգացման նախաձեռնությունը:

Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, բիզնես աշխարհի ներկայացուցիչներ, արվեստագետներ, մեծեր ու փոքրեր, բոլոր նրանք, ովքեր Երեխաների պաշտպանության միջազգային օրը ցանկանում էին անցկացնել Սիրահարների այգում՝ վայելելով զվարթ, արվեստով ու ստեղծագործական աշխատանքով հագեցած մթնոլորտ: Նախատեսված էր ամեն ինչ հանուն երեխաների. ուրախ խաղեր, կրկեսային համարներ, համերգ, վարպետաց դասեր՝ հայտնի նկարիչների մասնակցությամբ, ինչպես նաև անակնկալներ: Ուրախ հավաքն ավարտվեց երեխաների ստեղծած «Խաղաղության պանոյի» ցուցադրմամբ, որի վաճառքից գոյացած գումարը կուղղվի խաղաթաքստոցի կառուցմանը:

Հուսիկ ԱՐԱ