Մայիսի 12-ին Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը հատուկ դպրոցում» թեմայով ուսումնավարժություն…

որը կազմակերպել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը: Վարժանքի նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները, ինչպես նաև՝ թիվ 17 հատուկ դպրոցի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, Երևանի շտապ բուժօգնության, ոստիկանության, Հայկական կարմիր խաչի, «Երևան գազ» ԳԳՄ-ի, «ՀԷՑ»-ի, «Երևան Ջուր» ընկերության վթարային խմբերի և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Սցենարի համաձայն՝ թիվ 17 հատուկ դպրոցում տեղի է ունեցել հրդեհի բռնկում։ Դպրոցի ազդարարման համակարգի միջոցներով տրվում է ազդանշան և բարձրախոսով տրվում է տարահանման հրահանգ: Դպրոցի ՔՊ շտաբի պետը տնօրենի հրամանով անմիջապես ահազանգում է 911 ծառայություն և կազմակերպում աշխատակիցների և աշակերտների տարահանումը դպրոցից: ՔՊ կազմավորումներն իրականացնում են ընդհանուր հետախուզություն, իրականացնում են առաջնային հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքներ և առաջին օգնության ցուցաբերում և տուժածների տարահանում:

ԵՓՎ Նոր Նորք բաժնի թիվ 9 ՀՓՋ-ի 2 մարտական հաշվարկ ժամանում է դեպքի վայր, ներկայանում խնդրադրման և իրականացնում բացազատում ու հետախուզություն: Իրականացված հետախուզության արդյունքում պարզվում է, որ այրվում է 100 քառ. մետր տանիք: ՀՓՋ-ի մարտական հաշվարկները անմիջապես իրականացնում են հրդեհաշիջում ու հրդեհի տարածման կանխարգելում: Դեպքի վայր են ժամանում Երևան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումները: Ոստիկանության կարգախումբը իրականացնում է տարածքների արգելափակում և երթևեկության սահմանափակում: Դպրոցի հասարակական կարգի պահպանության կազմավորումները աջակցում են իրականացվող աշխատանքներին: Շտապ օգնության բրիգադը տուժածներին ցուցաբերում է համապատասխան բուժօգնություն և տեղափոխում բուժ հաստատություններ, իսկ տարահանված երեխաները տեղավորվում են երթուղային ավտոբուսի մեջ: Թիվ 9 ՀՓՋ-ի 1-ին մարտական հաշվարկն իրականացնում է տուժածների դուրսբերում ծխապատ գոտուց, իսկ 2-րդ մարտական հաշվարկը հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ պարանային աշխատանքների օգնությամբ շենքի 2-րդ հարկից կատարում է թվով 4 տուժածների դուրս բերում դեպի անվտանգ գոտի և հանձնում շտապ օգնության բրիգադին:

Այս ուսումնավարժության ընթացքում մեծ ուշադրություն էր դարձվում երեխաների տարահանման և անվտանգ գոտի ապահով տեղափոխման գորոծողություններին՝ հաշվի առնելով, որ արտակարգ իրավիճակներում հատուկ կարիքավոր երեխաները հոգեբանական տեսանկյունից ավելի խոցելի են:

Ուսումնավաժությանը հետևում էր ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը, ով միջոցառման ավարտին ողջունեց մասնակիցներին և վարժանքը գնահատեց բավարար՝ նշելով, որ այսօրինակ վարժանքները հնարավորություն են տալիս էլ ավելի կատարելագործել փրկարարների և ներգրավված մյուս կառույցների անձնակազմերի կարողությունները:

Նշենք, որ անվտանգության արշավի շրջանակներում իրականացվելու են շուրջ երեք տասնյակ շտաբային վարժանքներ և ուսումնավարժություններ (տարբեր կրթօջախներում, գրադարաններում, թատրոններում և մասնավոր ձեռնարկություններում), որոնց նպատակն է կատարելագործել կազմակերպությունների անձնակազմերի` արտակարգ իրավիճակներին պատրաստվածության հմտությունները: